Նախագահականը հերքում է Փաշինյանին․ Գասպարյանին ազատելու առաջարկը ԳՇ հայտարարությունից հետո է եղել

Նախագահականը հերքում է Փաշինյանին․ Գասպարյանին ազատելու առաջարկը ԳՇ հայտարարությունից հետո է եղել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո: Այդ մասին հայտնում են աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե մինչև ԳՇ հայտարարությունն է առաջարկել ազատել պաշտոններից ԳՇ պետին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին:

Համաձայն ՀՀ սահմանադրության՝ նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում, նշում են աշխատակազմից:

Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության համաձայն, ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

«Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:

Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:

Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:

Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»,- ասվում է հաղորդագրությունում:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան՝ փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---