6 մարտի 2009 - 11:09 AMT
Ոչ ոք Բաբաջանի պատճառով չի փոխել ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը
Ապրիլի 16-ին Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովը, որին կմասնակցի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Մինչդեռ, թուրքական մամուլը գրում է, որ Երեւանը փոխել է գագաթնաժողովի անցկացման օրը, տեղափոխելավ այն ապրիլի 26-ից ապրիլի 16-ը, քանի որ ապրիլի 24-ին Հայաստանում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ինչպես գրում է Today's Zaman թերթը, հենց ապրիլի 24-ին է ԱՄՆ նախագահն ավանդական ուղերձով դիմում հայ համայնքին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը, ՍԾՏՀ գագաթնաժողովի օրը չի փոխվել: «Գագաթնաժողովն ի սկզբանե նախանշված էր ապրիլի 16-ին եւ թուրքական մամուլում հայտնված հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է Բալայանը:

Մինչ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, մարտի 13-ին Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀ էներգետիկայի նախարարների նիստը, մարտի 27-ին կհանդիպեն տրանսպորտի նախարարները, իսկ ապրիլի 10-ին գյուղատնտեսության նախարարները: