ԱՀ ԱԳՆ․ Շուշին Արցախի անբաժանելի մասն է

ԱՀ ԱԳՆ․ Շուշին Արցախի անբաժանելի մասն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրն ԱՀ օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի, այդ թվում՝ Շուշի քաղաքի ներկայիս ռազմական օկուպացիան չի կարող փոխել դրանց կարգավիճակը: Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով: Այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի և տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված փաստացի արդյունքների ամրագրմանը, ինչը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

Փաստաթղթի համաձայն՝ տվյալ քաղաքականության իրականացման գործիքներից են Ադրբեջանի նախագահի այցելությունները բռնազավթված տարածքներ, որոնցից առավել աչքի ընկնողն Ալիևի այցն է Շուշի, որտեղ նա աղաղակող սպառնալիքներ և հայ ժողովրդի հանդեպ բացահայտ ատելություն պարունակող ռազմատենչ հռետորաբանությամբ մի շարք հայտարարություններ է արել։

Հուշագրում ասվում է նաև, որ այդ այցերի սադրիչ և հրահրող բնույթն ու դրանց ուղեկցող հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը խափանելու, հակամարտությունը չկարգավորված վիճակում պահելու Ադրբեջանի մտադրության մասին:

«Ադրբեջանի նման ապակառուցողական և հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- նշվում է հուշագրում:

Փաստաթղթում շեշտվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման և այդ տարածքներում պետականության ձևավորման իր իրավունքը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս հիմնարար իրավունքի խախտումը հանդիսանում է ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլև տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը:

Հուշագրում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքների կարգավիճակի փոփոխմանը միտված Ադրբեջանի ցանկացած օրենսդրական և վարչական գործողություններ՝ ներառյալ հողի և ունեցվածքի սեփականազրկումը, բնակչության վերաբնակեցումը օկուպացված տարածքներում և բռնազավթված տարածքների բռնակցումը, անվավեր են միջազգային իրավունքով և չեն կարող փոխել ԱՀ տարածքների կարգավիճակը: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում տարածքային ոչ մի ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի:

Հուշագրում ընդգծվում է, որ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը, որը կվերացնի դրա հիմնական պատճառը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքները չճանաչելու հետ, կուղղի Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման հետևանքները և թույլ կտա վերականգնել վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի գերակայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն կընդունի «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ