ԱԳ նախարար․ Ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով

ԱԳ նախարար․ Ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրոյցում հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը վերջնական լուծում չի ստացել և այդ լուծման հիմքում առաջին հերթին Արցախի կարգավիճակի որոշման հարցն է։

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի իքնորոշման իրավունքն է։ «Այդ իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով։ ՀՀ-ն հանդես է գալիս և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ինքնորոշման ճանաչման և անվտանգության ապահովման դիրքերից։ Ոչ մի կարգավիճակի դեպքում և ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության տակ։

Վերջին ագրեսիան մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախն առանց հայերի։ Բոլորս ենք հիշում 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում Ադրբեջանի խոշոր քաղաքներում կազմակերպված էթնիկ զտումները։ Փետրվարի 27-ին լրանում է Սումգայիթում Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ տեղի ունեցած հայերի ջարդերի 33-րդ տարելիցը։ Սումգայիթյան իրադարձությունները և դրանց հաջորդած հայերի ջարդերը Բաքվում, որոնք ուղեկցվում էին «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսով, ինչպես նաև ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները 44-օրյա պատերազմի ժամանակ, մասնավորապես, Հադրութի շրջանում, հաստատում են, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել իր պատմական հայրենիքում հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը»,-ասել է Այվազյանը։

Խոսելով կարգավորման ձևաչափի մասին՝ ԱԳ նախարարն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափան է, որի շրջանակում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորումը։

«Այս առումով մեր տեսակետն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Սա ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին, ինչը հստակորեն արտահայտվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ»,- ասել է նա:

Նա նշել է, որ Արցախի դեմ ագրեսիան, ուժի կիրառումը որպես խնդրի կարգավորման մեթոդ, մարտահրավեր է համաշխարհային հանրությանը։ Նախարարը հույս է հայտնել, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատն ու արդյունավետ կգլխավորեն խաղաղության գործընթացը:

Անդրադառնալով ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ Այվազյանը նշել է, որ այսօր Երևանի օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Ավելի վաղ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե կարգավիճակի հարց այլևս չկա, հայտարարել է, որ Արցախը չի կարող այդ երկրի մաս կազմել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---