Ջուլֆալակյան․ Ըմբշամարտի հավաքականի վիճակը բարձիթողի է՝ ամբողջ երկիրն է ոտք առել, գնում

Ջուլֆալակյան․ Ըմբշամարտի հավաքականի վիճակը բարձիթողի է՝ ամբողջ երկիրն է ոտք առել, գնում

PanARMENIAN.Net - Հայտնի մարզիկ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի նախկին անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի վիճակը որակել է որպես բարձիթողի՝ հավելելով, որ ամբողջ երկիրն է ոտք առել, գնում։

«Տևական ժամանակ է, ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի բարձիթողի (շատ մեղմ ասած...) վիճակում է գտնվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ տեղի ունեցող կամայականություններով հանդերձ։ Հետո հասկանում եմ, որ ամբողջ երկիրն է ոտք առել գնում, ու՞մ է առհասարակ հետաքրքիր, թե ի՞նչ է կատարվում ինչ որ մի նեղ բնագավառում։

Կոնկրետ մարդիկ էլ, քաջ գիտակցելով այդ ամենը, վարպետորեն օգտվում են ստեղծված իրենց համար նպաստավոր պայմաններից»,-գրել է նա։

Ջուլֆալակյանը հավելել է, որ անկախ ամեն ինչից, մի օր շատ ծավալուն անդրադառնալու է այդ ամենին։

«Թե ինչպես նպատակադրված քանդվեց երկրում եղած այն քիչ, կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր։

Ցավոք, արդեն, պոստֆակտում։

Այս պահին առաջնայինը պետականությունը պահպանելն է...

հ.գ. Այդպես էլ չսովորեցինք գնահատել մեր լավագույներին, յուրահատուկներին։ Իսկ այ «դրսի ձայնը» միշտ էլ քաղցր է թվացել»,-ասվում է գրառման մեջ։

«Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը վայր է դրել պատգամավորական մանդատը 2020թ․ սեպտեմբերին կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-ի բրոնզե մեդալակիր, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի, 2013-ի բրոնզե մեդալակիր։2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---