ՄԻՊ․ Սահմանների որոշումն ուղեկցվել է սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով

ՄԻՊ․ Սահմանների որոշումն ուղեկցվել է սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով

PanARMENIAN.Net - Այն, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի արձանագրմամբ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մարդիկ զրկված են իրենց պատկանող գույքից, քանի որ այն ֆիզիկապես համարվում է «ադրբեջանական» տարածք, հողակտորները չեն կարող մշակել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու այդ վայրերում պարբերաբար կրակում են։

Ըստ Թաթոյանի՝ նույն խնդիրը վերաբերում է նաև համայնքապատկան հողատարածքներին ու դրանցից օգտվելու մարդկանց հնարավարություններին։ Սոթքում գործարարը չի կարող օգտվել Կառավարության որոշմամբ իրեն հատկացված հողատարածքից, քանի որ դրա մի մասը զբաղեցնում են ադրբեջանական ԶՈւ-երը։

«Այս խնդիրներին ի պատասխան՝ առանձին կողմեր նշում են, թե քանի որ այդ լուծումները հիմնված են տեղագրական քարտեզի վրա ու սրան էլ ավելանում է նաև GPS-ի ու Google Maps-ի կիրառությունը, ապա սրանք ամեն դեպքում այնպիսի լուծումներ են, որոնք պետք է հարկադրված ընդունել»,- գրել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ դրանք միջազգային կանոնների խախտումներով են ընթացել։

Ըստ Թաթոյանի՝ այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի:

Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր դարձել են Ադրբեջանի հետ սահմանամերձ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---