6 մարտի 2009 - 14:12 AMT
Երեւանում տեղի կունենա Ժանսեմի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
Մարտի 20-ից մինչեւ ապրիլի 5-ն «Արամէ» պատկերասրահում տեղի կունենա հայկական Սփյուռքի խոշորագույն նկարիչներից մեկի`Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) նկարների ցուցահանդես-վաճառքը: «Արամէ» պատկերասրահը ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է նկարչի դստերը պատկանող «Ֆլորա Ժանսեմ» փարիզյան պատկերասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսում կներկայացվի նկարչի 45 աշխատանք, որոնցից 10-ը յուղանկար եւ գծանկար են, մյուս աշխատանքները կատարվել են լիտոգրաֆիայի տեխնիկայով:
Ժանսեմը` նույն ինքը Հովհաննես Սեմերջյանը, հայկական Սփյուռքի խոշոր նկարիչներից մեկն է: Ծնվել է 1920 թվականին Թուրքիայի Սելես քաղաքում, մանկությունն անցկացրել է հունական Սալոնիկ քաղաքում, իսկ 1931 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Ժանսեմը մի քանի տարի այցելել է Մոնպարնասի «ազատ ակադեմիաները», իսկ 1939 թվականին ավարտել է Փարիզի դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոցը: Այսօր Ժանսեմի աշխատանքները ցուցադրվում են ողջ աշխարհի պատկերասրահներում: