1 մարտի 2021 - 15:40 AMT
ԱԽ-ն նախագահին կոչ է արել բավարարել ԳՇ պետի ազատման միջնորդությունը

Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտել է զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը և կոչ արել ՀՀ նախագահին բավարարել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը, ասված ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:

«Օրենքի համաձայն՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է Կառավարության ղեկավարի հայեցողությունը։

ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:

Ելնելով վերը նշվածից՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր», - ասված է ԱԽ հաղորդագրության մեջ:

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանը ներկա չեն եղել մարտի 1-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: