1 մարտի 2021 - 16:32 AMT
Քերոբյան․ Մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է

Մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է, այն ուղղված է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինվորների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը հորդորել է բոլորին մասնակցել հանրահավաքին՝ նշելով, որ ՀՀ-ում իշխանությունը ժողովրդինն է։ Քերոբյանի խոսքով՝ իրենց կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է։ Ըստ Քերոբյանի՝ «այն անկաշառ է. որևէ մեկը չի թալանել բիզնեսմենին, քաղաքացուն, չի ստորացրել գյուղացուն, տարեցին, կանանց ու երեխաներին»։

Մարտի 1-ին Երևանում 4 հանրահավաք է նախատեսված, որից 3-ը՝ գրեթե նույն ժամին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին 18։30-ին հանրահավաքի և երթի է հրավիրել Հանրապետության հրապարակ։

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ այն բիզնեսմենին, ում առաջ «քերթում էին», իսկ հիմա նրանք չգիտեն, թե ով է հարկայինի պետը, այն պետական ծառայողներին, ում առաջ ստիպում էին միտինգների գնալ, կաշառքներ վերցնել ու տալ վերև, իսկ այժմ պահանջում են միայն բարեխիղճ աշխատանք և ոչ մի քայլ` խղճի դեմ։ Այն առաջադեմ հանրությանը, ով ճնշում է կառավարությանը, որպեսզի կտրուկ աճեն գիտության և կրթության ֆինանսավորումը և դրա հետ հաշվի են նստում պատգամավորները, կառավարության անդամները, այն երեխաներին, ովքեր ապագա ունեն միայն ազատ Հայաստանում»,-գրել է նախարարը՝ նշելով, որ կառավարությունը կարող է փոխվել ժողովրդի ընտրությամբ՝ առանց փողոցում արյուն թափելու ու ընտրություն կեղծելու։

Իմ քայլից Ռուբեն Ռուբինյանը ևս ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել միանալ հանրահավաքին ու հայտարարել, թե գիտի, որ բոլորը հոգնել են ու հանգստություն և կայունություն են ուզում, բայց Գլխավոր շտաբի պետի՝ «քաղաքականությանը խառնվելը հանգստություն ու կայունություն չի կարող բերել»:

«Նախագահի՝ քաղաքականություն մտած ԳՇ պետի պաշտոնից ազատմանը տարօրինակ կերպով առարկելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել։ Որևէ լեգիտիմություն չունեցող անձանց՝ ժողովրդին շրջանցելով իշխանություն ստանալ փորձելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել։ Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել»,- գրելէ Ռուբինյանը՝ հավելելով, որ չնայած մարդկանց փորձում են համոզել, որ հեղափոխությունն ու ժողովրդավարությունը սխալ են, բայց դա այդպես չէ։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Փետրվարի 27-ին նախագահն առարկություններով վարչապետին հետ էր ուղակել ԳՇ պետի պաշտոնանկության որոշումը։ Վարչապետն այն կրկին նախագահին էր ուղարկել։