1 մարտի 2021 - 16:34 AMT
Կրեմլում բավարարված են Փաշինյանի խոսքերով, թե «Իսկանդերների» հարցում իրեն սխալ են զեկուցել

Կրեմլում բավարարված են այն հայտարարությամբ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եզրակացրել է, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%-ով։

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերակագնվի»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտարարել է, որ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։ Նա նշել է, որ վարչապետը Պուտինի հետ վերջերս հեռախոսազրույցում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ իր հայտարարությունը:

«Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»,-նշել է Գևորգյանը։

Փաշինյանի հայտարարությունն ավելի վաղ լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։