1 մարտի 2021 - 16:35 AMT
ԳԱԱ. Իշխանությունից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելուց

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակ քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարել հանդես գալ նոր հայտարարությամբ և պահանջել իշխանությունից «զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից», տեղեկացնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

«2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։

Ի պատասխան հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների փետրվարի 25-ի պահանջի, վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։

Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: