1 մարտի 2021 - 17:37 AMT
Պատգամավոր․ Նոյեմբերին ԳՇ պետի հրաժարականը չընդունեցին, հիմա ուզում են ազատել՝ ի՞նչ պատահեց

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի պաշտոնավարման հարցին, ասել է, որ երբ նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, չընդունեցին, իսկ հիմա հրաժարականն են պահանջում։

«Նոյեմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ այդ մասին մամուլում հրապարակում եղել է, և ՊՆ-ն չի հերքել, գրում է Aysor.am-ը։

«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս՝ չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք հասանելի չեն:

Թովմասյանը նաև նշել է. «Ես մինչև հիմա գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պրոֆեսիոնալ է, կադրային բոլոր աստիճանակարգերով բարձրացած, «ուղնուծուծով» զինվորական է: Հիմա ի՞նչ եղավ, որ էս մարդը մերժելի դարձավ: Այդ հարցի պատասխանը չունեմ: Թող էդ հարցի պատասխանը հնչի, որ հասկանանք՝ Օնիկ Գասպարյանին, ի վերջո, կամակորության հետևանքո՞վ ենք ուզում գնա, թե՞ հստակ պատճառ կա»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի վերաբերյալ էլ Թովմասյանն ասել է, որ դա խնդրի լուծումներից մեկն է:

Մարուքյանը նշել է, որ, եթե վարչապետը պաշտոնից չազատի Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Դա տրամաբանական լուծում է: Ընդունելի և քննարկելի տարբերակ է: Իրավիճակի հանգուցալուծում է», - նշել է օրենսդիրի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: