1000 դրամի հիմնադրամի նախագահ․ ԳՇ պետն իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիս

1000 դրամի հիմնադրամի նախագահ․ ԳՇ պետն իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիս

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամի» հիմնադրամ) տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիսի 8-ը։

Նա նշել է, որ Գլխավոր շտաբի պետը բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողն է, ով նշանակվում է 5 տարով` համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի:

«Սա բխում է Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

Ահա և օրենքն էլ սահմանել է 5 տարի ժամկետ, իսկ նախագահն էլ իր 2020 թվականի հունիսի 8-ի ՆՀ-119-Ա հրամանագրով կատարել է 5 տարվա նշանակումը: Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է, ըստ որի օրենքը պետք է սահմանի նաև ազատման ԴԵՊՔԵՐԸ:

Օրենքը դեպք չի սահմանել, այլ 40-րդ հոդվածի 3-րդ կետում լոկ նշել է, որ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:» Այսինքն օդից վերցնելով կարելի որոշել, ինչը բնականաբար Սահմանադրության պահանջի խախտում է»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդել է Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրեէ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---