ԲԴԽ նախագահ․ ԱԺ բանավեճից հետո հրաժարականի միտք չունեմ

ԲԴԽ նախագահ․ ԱԺ բանավեճից հետո հրաժարականի միտք չունեմ

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն Ազգային ժողովում բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի, փոխանցում է Sputnik Armenia-ն:

Արձագանքելով հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը՝ ԲԴԽ նախագահը պատասխանել է՝ «Առնվազն ագրեսիվ, պատճառը չգիտեմ»:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ-ում ներկայացնում է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին: Մինչ թեկնածուներին հարցեր տալը, պատգամավորները Վարդազարյանից են պատասխաններ պահանջել մի շարք հարցերով՝ մասնավորապես ԲԴԽ՝ նոյեմբերի 15-ի հայտարարության մասով։

Այդ օրվա կոչում ԲԴԽ նախագահն ասում էր. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Հարցուպատասխանն անցել է թեժ մթնոլորտում։ Իմքայլականները նշել են, թե ԲԴԽ նախագահը քաղաքական հայտարարություն է արել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դատի օրը։ Վարդազարյանն իր հերթին նշել է, որ ԱԺ-ին հաշվետու չէ ու չի կարող քաղաքական մեկնաբանություն անել։ Նրա դիտարկմանը, թե հարցուպատասխանը «պետք չէ շփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ», իմքայլականներից Արեն Մկրտչյանը հարցրել է՝ «Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում» ու առաջարկել «կոռեկտության գծերը չհատել»։ Դրան ի պատասխան Վարդազարյանն ասել է, որ զսպվածության կանոններ ունի ու դրանք չի հատելու: Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցրել՝ «Հայտարարությունն անելիս ինչպես է գործել այդ զսպվածության սահմանը»։

Պատասխանելով նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանը նշել է, որ բազմիցս հայտարարել է՝ կարծում է՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:

«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասել է նա:

Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:

ԲԴԽ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

Սամվել Գրիգորյանը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---