Զախարովա․ ՌԴ-ն չի միջամտում ՀՀ ներքին գործերին

Զախարովա․ ՌԴ-ն չի միջամտում ՀՀ ներքին գործերին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում ՀՀ ներքին գործերին։

«Մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, մեր դիրքորոշումը հավասարակշիռ է, հստակ և միանշանակ՝ չմիջամտել ներքին գործերին։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ինքնիշխան պետության ներքին գործն է, այդ պետությունում ընթացող քաղաքական գործընթաց է, ոչ մի այլ գնահատական լինել չի կարող»,-ասել է Զախարովան «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով այն մասին, թե կարող է արդյոք ՌԴ-ն միջնորդ դառնալ Հայաստանում իրավիճակի կարգավորման հարցում, Զախարովան ասել է, որ այն, ինչ կատարվում է այնտեղ «ինքնիշխան պետության ներքին գործն է»։

«Գոյություն ունեն տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-ասել է նա։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---