Պեսկով․ Քոչարյանը ՌԴ-ին բարեկամ քաղգործիչ է

Պեսկով․ Քոչարյանը ՌԴ-ին բարեկամ քաղգործիչ է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել՝ անհեթեթ համարելով գաղափարը, թե ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու իր գործողությունները վերջինս Մոսկվայի հետ է համաձայնեցնում։

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնելու իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել ու խորացնել ՌԴ հետ համագործակցությունը։ Նա մի մարդ է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ ՀՀ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը ՌԴ հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են: Սա է մեզ համար գլխավորը»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսնակը հավելել է, որ այդպիսի քաղաքական գործիչների շարքին է դասում նաև ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով։ Դուք գիտեք, որ իր և ՌԴ նախագաի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում։ Գիտեք՝ ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց պատերազմին Ղարաբաղում։ Ուստի, այդ հարաբերությունները ևս, իրոք, շատ արժեքավոր են»,- ասել է Պեսկովը։

Քոչարյանը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ «Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասել է նա։

Photo. TASS
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---