Օհանյան․ Երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Շուշիում Վազգեն Սարգսյանի լքված արձանը

Օհանյան․ Երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Շուշիում Վազգեն Սարգսյանի լքված արձանը

PanARMENIAN.Net - Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով մարտի 5-ին նշվող` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան, ֆեյսբուքայն իր էջում գրել է«երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Վազգեն Սարգսյանի լքված արձանը Շուշիում»:

«Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։

Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս չամրագրած՝ այն վստահ համոզմունքն ենք ունենալու, որ եթե այսօր նա լիներ մեզ հետ․․․, իրադարձությունները կընթանային այլ հունով»,-ասվում է գրառման մեջ։

Օհանյանը հավելել է, որ այսօր, սակայն, բախվել ենք այլ իրականության։

«Մեր պարտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության՝ «հավերժ վառ պահելով Վազգեն Սարգսյանի, այս լուսանկարից մեզ նայող մեր լուսահոգի ընկերների, հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր քաջ հայորդիների հիշատակը»,-գրել է նա։

Ամիսներ առաջ համացանցում Շուշիում գտնվող ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի արձանի պղծման լուսանկար էր հայտնվել։ Դեռ նոյեմբերի 14-ին Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը գրել էր, որ երբ զոհվածները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանվեն Շուշիից, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Սարգսյանի եղբորորդին՝ Կառլեն Սարգսյանն, անդրադառնալով արձանի պղծմանը, գրել էր, որ իր ընտանիքը հնարավոր ամեն տեղ դիմել է՝ այդ արձանն անգամ պայթեցնելու գնով թշնամուն չթողնելու խնդրանքով։ «Խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղավ ու ոչ ոք չօգնեց»,- գրել էր նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---