ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի

ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով նոր հայեցակարգը մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ, հայտարարել է, որ Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի։

Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը և թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանն ունի ինստիտուցիոնալ նշանակություն, տեղեկացնում է Panorama.am-ը։

ՄԻՊ-ը նաև ասել է, որ Ադրբեջանը շարունակում է կրակոցները հայկական մի շարք գյուղերի ուղղությամբ, ուսումնասիրել են այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանցիները:

Թաթոյանն ընդգծել է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է լինեն կարևորագույն սկզբունքներ՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:

«Սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները: Սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ պարտադիր»,- ասել է նա։

Ըստ նրա` մարդու իրավունքն այնպիսի հիմք է, որ եթե այն չպահպանվի, ամբողջ գործընթացի իրավաչափությունը տապալվում է միանգամից:

Թաթոյանն այնուհետև թվարկել է, թե ինչ խնդիրներ կան Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

«Մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարում: Խոսքս վերաբերում է խաղաղ բանկիչներին ու առաջին հերթին երեխաներին: Կյանքի իրավունքի իրական վտանգներ: Ադրբեջանի կողմից արձակվող կրակոցներ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ: Սյունիքի Ներքին Հանդ գյուղում դպրոցն ընդամենը 500 մետր հեռավորության վրա է ադրբեջանական զինված ուժերի դիրքերից ու այնտեղ արձակվում են կրակոցներ: Միջազգային որևէ կազմակերպության կարող է ինձ ասել՝ սա երեխաների լավագույն շահից բխող իրավիճա՞կ է»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ արձանագրվում են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:

«Խոսքը վերաբերում է մի քանի իրավիճակի, մարդիկ Խորհրդային Հայաստանի կամ ՀՀ պետական մարմինների կողմից ստացած օրինական փաստաթղթերը ձեռքներին՝ ֆիզիկապես չեն կարողնում օգտվել իրենց սեփականություն հանդիսացող տարածքներից, որովհետև դրանք, այսպես կոչված, ադրբեջանական են: Հողեր, տներ կան, ուղիղ Ադրբեջանի նշանառության տակ են, կրակոցներ են, չեն կարողանում օգտվել դրանցից»,-ասել է նա:

Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ Սյունիքում հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի։ 44-օրյա պատերազմից հետո ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---