9 մարտի 2021 - 13:06 AMT
ԼՀԿ-ական պատգամավոր․ Ռուս զինվորներ Տավուշ եկել են, բայց սահմանի փոփոխության լուրերը բոլորը հերքում են

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը, որը երկօրյա այցով եղել է Տավուշում, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ռուս զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ։

Նա տեղեկացրել է նաև, որ Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ չեն տեսել։

«Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և' պաշտոնական, և' ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են:

Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, թե Տավուշի մարզի գյուղերում ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները սահմանին չափագրումներ են անում: Մասնավորապես այդ մասին գրել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։