9 մարտի 2021 - 13:19 AMT
Նախագահականի մոտ Սարգսյանից պահանջում են դիմել ՍԴ՝ ԳՇ պետի հարցով

Մարտի 9-ը վերջին օրն է, որ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վարչապետ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով, հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Մի խումբ քաղաքացիներ ու փաստաբաններ ակցիա են իրականացնում նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ՝ պահանջելով, որ նա հետևի Սահմանադրությանը և դիմի ՍԴ։

«Վարչապետը չէր ընդունել նախագահի առարկությունը և նորից էր ուղարկել միջնորդությունը: Նախագահը այս դեպքում կարող է ստորագրել հրամանագիրը կամ կարող է դիմել ՍԴ, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը:Նախագահն արդեն հայտարարել է, որ չի ստորագրլու հրամանագիրըԲայց նրա կեցվածքից երեւում է, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ: Այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել ՍԴ: Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը»,-ասել է նա։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին:

Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ նախագահն առանձին դիմումով դիմեց ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: