10 մարտի 2021 - 12:40 AMT
Լիպարիտյան․ Ըստ իս՝ նոյեմբերի 10-ի հայտարարության կողմերը «ենթադրում են կամ լուռ ընդունում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»

Ամերիկահայ վերլուծաբան, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի արդյունքներին և հետևանքներին, ասել է, որ, իր ընկալմամբ, եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը «ենթադրում են կամ լուռ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։ Այդ մասին Լիպարիտյանը խոսել է Հարավային Կովկասում և անվտանգության նոր իրավիճակին նվիրված վերլուծաբանների քննարկման ժամանակ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ժիրայր Լիպարիտյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն է եղել, 1991-97-ին ԼՂ հարցով բանագնացը։

Պատմաբանի կարծիքով՝ վերջին պատերազմի արդյունքում լուծվել է ԼՂ հակամարտության երկու կարևոր հիմնահարցից մեկը՝ ԼՂ շուրջ ընկած տարածքների խնդիրը: Այժմ, ըստ նրա, մնացել է մյուս՝ կարգավիճակի հարցը, սակայն այս խնդրի շոշափելի հատվածը նույնպես լուծվել է, և այժմ ենթադրվում է, որ ԼՂ-ն ընդունվում է որպես Ադրբեջանի մաս:

«Եռակողմ հայտարարության տեքստի իմ ընկալումն այն է, որ այն ստորագրած կողմերը՝ ՌԴ, Ադրբեջանն ու ներառյալ Հայաստանը (Ղարաբաղի ղեկավարությունը չի մասնակցել ստորագրմանը) ենթադրում են կամ լուռ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»,- ասել է Լիպարիտյանը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակը կամ պարտությունը կարող է կանխորոշել, թե ինչպիսի երկրներ կդառնան Հայաստանն ու Ադրբեջանը։

Բաքուն, ըստ նրա, իրականացնում է քարոզարշավ՝ փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես բազմաէթնիկ ու բազմամշակութային երկիր, ուր կարող են ապրել տարբեր էթնիկական խմբեր: Իրականում, սակայն, ըստ Լիպարիտյանի՝ Ադրբեջանը չի հրաժարվել ատելության ու բռնության քարոզից ու հռետորաբանությունից: Հաշվի առմելով երկրի բռնապետական բնույթը և ժողովրդավարական ուժերի նկատմամբ բռնաճնշումները՝ որևէ բողոքի ձայն չի հնչում այդ հռետորաբանության կապակցությամբ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Լիպարիտյանի կարծիքով այսօր այնտեղ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությունը չի վայելում բնակչության աջակցությունը, այն իր բնույթով և ձևով հակաժողովրդավարական է և փորձում է պարտության ամբողջ բեռը բարդել գործող վարչապետի վրա՝ անտեսելով սեփական պատասխանատվությունը բանակցային գործընթացի ձախողման մեջ: Ըստ Լիպարիտյանի՝ գործող իշխանությունը չէ պատասխանատու պատերազմում պարտության համար, սակայն, ասում է՝ առկա է նաև տրամաբանական հարցադրում, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ամենաճիշտ ընտրված առաջնորդն այս պահին Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցելու համար:

«Երկրում չկա իրական երկխոսություն տեղի ունեցածի վերաբերյալ, գերիշխում է ժխտողականությունը, նույնիսկ չկա համաձայնություն, թե ինչ է կորսվել և ինչ են նշանակում այդ կորուստները: Այժմ Հայաստանում հնչում են կոչեր ավտորիտար ռեժիմի, ուժեղ անձի կառավարման, ավելի շատ ու լավ ռազմականացման, ռևանշիզմի և բռնությամբ կառավարությունը տապալելու օգտին»,- ասել է Լիպարիտյանը:

Նա դեռ 2020-ի սեպտեմբերի սկզբին Հայաստանի ղեկավարությանը զգուշացրել էր Թուրքիայի կողմից Ադրբեջանին հնարավոր ռազմական օժանդակության մասին և կանխատեսել, որ նոր իրողությունների պայմաններում ՌԴ-ն ՀՀ-ից զիջումներ կպահանջի։

2020թ․ դեկտեմբերին Լիպարիտյանն ասել էր․ «Բանակցությունները կարող են ընթանալ 2 ուղղությամբ․ կլինի՞ հայկական Ղարաբաղը աշխարհագրորեն, տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանի կազմում կամ կստանա մշակութային ինքնավարություն, որի մասին խոսում է Ալիևը, և որը չի ենթադրում տարածքային որևէ իրավունք փոքրամասնության համար։ Այս երկու տարբերակը կա՝ տարածքային կամ էքստրատարածքային (ինքնավարություն Ադրբեջանի կազմում)։ Եվ երաշխիքներ՝ փոքրամասնությունների համար․ այսքանով վերջ։ Սա առավելագույնն է, ինչի շուրջ այժմ կարելի է բանակցել։ Բայց ոչ ընտրություն՝ անկախության և Ադրբեջանի կազմում լինելու։