11 մարտի 2021 - 13:04 AMT
Վիկ Դարչինյանը հայ գերիների հարցով դիմել է աշխարհահռչակ մարզիկներին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանը հայ գերիների հարցով դիմել է աշխարհի անվանի մարզիկներին։ Կոչը հրապարակվել է մարզիկի ֆեյսբուքյան էջում։

Դարչինյանը նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն է։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթև քաշային չեմպիոն, ինչպես նաև կարիերայի ընթացքում նվաճել է 4 IBO տիտղոս։

«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին. Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում` մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմն ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ»,- նշել է նա:

Ադրբեջանում գտնվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Նրա վերադարձին բազմաթիվ անհատներ են աջակցել։