11 մարտի 2021 - 17:21 AMT
Դանիայում կասեցվել է Covid-19-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը

Դանիայում կասեցվել է Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը՝ տրոմբերի հնարավոր առաջացման մասին հաղորդումներից հետո։ Այդ մասին հայտարարել է երկրի Առողջապահության վարչությունը։

Ըստ նախնական տվյալների՝ պատվաստանյութի կիրառումը կասեցվում է 2 շաբաթով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կարևոր է նշել, որ մենք չենք հրաժարվում AstraZeneca պատվաստանյութից, այլ ժամանակվոր դադարեցնում ենք։ Կան հուսալի փաստաթղթեր, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ; Սակայն, մենք պետք է արձագանքենք հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներին», - ասել է Առողջապահության վարչության տնօրեն Սյորեն Բրոստրյոմը։

Նա նշել է, որ Դանիայում այժմ ընթանում է երկրի պատմության մեջ պատվաստման ամենամեծ և կարևոր արշավը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ավստրիայի իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց որոշել են կասեցնել AstraZeneca-ի խմբաքանակի կիրառումը պատվաստում ստացած մեկ կնոջ մահվան և մեկ այլի հիվանդանալու պատճառով։ Պատվաստանյութի կիրառումը կասեցվել է նաև Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Լյուքսեմբուրգում։

Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն առաջարկել է AstraZeneca ընկերության՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց։ Հայաստանն արդեն հայտնել է, որ բնակչության 3%-ի համար պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։