ՏՄՊՊՀ․ Բենզինը մոտ ապագայում կարող է թանկանալ

ՏՄՊՊՀ․ Բենզինը մոտ ապագայում կարող է թանկանալ

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հաշվի առնելով ՀՀ շուկայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն: ՏՄՊՊՀ-ում եզրակացրել են, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ։

Հանձնաժողովը 2020-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021-ի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես՝ 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։

Պարզվել է, որ բեզինի և դիզվառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով․

• Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,

• ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,

• Ձեռքբերման գների բարձրացմամբ։

Պարզվել է, որ 2020-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021-ի հունվարի 14-ը բենզինի և դիզվառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5-12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած թանկացումները, մասնավորապես՝ փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (մոտ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է մոտ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ մոտ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%: 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։

Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021-ին ձեռքբերված խմբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։

Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարողի պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն նա կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և, չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---