11 մարտի 2021 - 18:17 AMT
Մատվիենկոյին ԱԺ պատվո մեդալ կշնորհեն Նաջարյանին գերությունից ազատելուն նպաստելու համար

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջնական գերությունից Մարալ Նաջարյանի վերադարձին Լիբանան, շնորհակալություն է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

Նա նշել է, որ պատրաստվում է ԱԺ խորհրդին առաջարկել Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։

«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։

Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»,- ասվում է գրառման մեջ։

Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել էր խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կնոջը հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Նաջարյանի վերադարձին նպաստել են ՌԴ դաշնային խորհրդի նախագահը, Լիբանանի կառավարությունը, Լիբանանի Կարմիր խաչը, Լիբանանի ՀՅԴ կառույցը, Արման Թաթոյանը, Սիրանույշ Սահակյանը, ռուսաստանաբնակ Արայիկ Բաղդասարյանը, ինչպես նաև ինքը Զոհրաբյանը։