11 մարտի 2021 - 18:19 AMT
Անհետ կորածի հարազատը մյուս ծնողներին կոչ է անում փակել ՊՆ ելքերն ու մուտքերը

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը մեքենայով փակել է Պաշտպանության նախարարության գլխավոր մուտքն ու հանդիպում պահանջել նախարարի հետ, սակայն չի ստացվել: Նա անհետ կորած զինծառայողների ծնողներին կոչ է արել մեքենաներով միանալ իրեն ու փակել ՊՆ-ի բոլոր ելքերն ու մուտքերը։

«Պետք է փակենք, որ ՊՆ-ն հասկանա՝ հերիք է մեզ քթից բռնած տանեն այստեղից այնտեղ: Թող սկսեն աշխատել մեր երեխաների հարցով, այսօր այնպիսի վիճակ է, որ ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով: Եկեք հասկանանք՝ այս մարդիկ երբ են սկսելու մեր երեխաների հարցով զբաղվել: Նախարարը տեղում չէ, փոխնախարարները տեղում չեն: 5 ամիս է՝ մեզ էսօր-վաղն են անում, մենք էլ չենք ուզում հեքիաթների հավատալ: Այս մարդիկ չեն ուզում ընկալել, որ հարցը շատ լուրջ է»,-հայտարարել է նա:

Ղուկասյանը հայտնել է, որ նախարարի հետ ցանկացել է հանդիպել, քանի որ անհետաձգելի հարց կար, սակայն իրեն 2 ժամից ավելի սպասեցրել են, ապա հորդորել ժամը 18։00-ին գալ։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում դեռ անհետ կորածների թվի մասին հստակ և պաշտոնական տվյալներ չկան։ Զինծառայողների ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գտնելու ուղղությամբ։