11 մարտի 2021 - 18:57 AMT
Լոռիում 2020-ին 4416 ծառ է ապօրինի հատվել․ 11 քրգործ կա

Լոռու մարզում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսությունների մի քանի անտառպետության 10 պահաբաժնում 2020-ին տարբեր տեսակի և տրամագծերով ընդհանուր 4416 ապօրինի հատված ծառի կոճղ են գտել : Դրանց հետևանքով բուսական աշխարհին և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 182 մլն դրամի վնաս:

2021թ. մարտի 1-9-ը Լոռու մարզի դատախազության կողմից ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի (pաշտոնեական անփութություն) 2-րդ մասի հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) հարուցվել է 11 քրեական գործ:

Նախնական քննությամբ հանցագործությունները բացահայտել չէր հաջողվել, չեն պարզվել առերևույթ ապօրինի անտառահատումների կատարած անձինք, ինչով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված նշված գործերով կայացվել էին վարույթը կասեցնելու որոշումներ:

Գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, սակայն, որ մեծաքանակ ապօրինի ծառահատումները կարող են կատարված լինել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում:

Դա հաշվի առնելով՝ դատախազները վերացրել են այդ որոշումները և որոշել քրգործեր հարուցել, որոնցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: