11 մարտի 2021 - 19:08 AMT
Նախագահի աշխատակազմը ոչ բոլորից է հանդիպման պատասխան ստացել

Նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Արմեն Սարգսյանի նստավայրում իրավիճակի քննարկման նպատակով քաղուժերի հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից։

Աշխատակազմն ակնկալում էր մինչև մարտի 11-ը՝ ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ:

Հետևաբար, ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահի նախաձեռնած հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» ևս հայտնել էր հանդիպման հրավերն ընդունելու մասին։

ՀՀ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: