HALO Trust. Սուտ են թուրքերին Արցախի ականադաշտերի քարտեզներ փոխանցելու մասին լուրերը

HALO Trust. Սուտ են թուրքերին Արցախի ականադաշտերի քարտեզներ փոխանցելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը հերքել է լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել:

«HALO Trust-ը տեղյակ է պնդման մասին, որ ընկերությունը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարվա ընթացքում HALO Trust-ն աշխատել է Ղարաբաղում՝ տեղի բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ HALO Trust-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում, քանի որ այն ապաքաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասված է հայտարարությունում։

Կազմակերպության կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Ավագյանն ավելի վաղ նշել էր նաև, որ իրենց ստացած տեղեկությունները ենթակա են ստուգման, և միայն դրանից հետո որոշում կկայացվի։

HALO Trust ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացրել։ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կողմից HALO Trust-ի նախագծերի ֆինանսավորումն Արցախում դադարեցվում է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---