12 մարտի 2021 - 10:54 AMT
Նախագահը չի ստորագրի Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը և չի դիմելու ՍԴ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Նախագահականից հայտնում են, որ Սարգսյանը 2021-ի մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նշվում է նաև, որ նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

2021 թվականի մարտի 10-ին նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Նախագահականից ասում են՝ ՍԴ որոշումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։