12 մարտի 2021 - 12:11 AMT
Հակոբյան․ Օնիկ Գասպարյանը Փաշինյանին ձերբակալելու լիազորություն չունի

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու լիազորություն չունի, հայտարարել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, փոխանցում է «Իրավունք» թերթը։

«Ես եղել եմ, չէ՞, այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբակալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում»,- ասել է Հակոբյանը։

ԳՇ նախկին պետը նշել է, որ Փաշինյանի կողմից այժմ Գլխավոր շտաբի պետ առաջադրված և նախկինում այդ պաշտոնին եղած Արտակ Դավթյանի մեղավորությունը «մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է»:

«Իսկ բուն պատերազմի ընթացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորություն չունի: Նա ոչ միայն բանակը պատշաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ, որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է: էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում, եթե էս տեմպերով գնա»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։