Այվազյան․ ՀՀ-ում կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ չէր

Այվազյան․ ՀՀ-ում կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ չէր

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ չէր, դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր, պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը հարցազրույցում։

«Նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավար, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,-ասել է նա։

Նախարարը նաև խոսել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներկայացվածության մասին՝ նշելով, որ այդ երկիրը տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ապակայունացնող դեր, իսկ պատերազմի ընթացքում տարածաշրջան էր բերել օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և, հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը,՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասել է նա։

Այվազյանը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո:

Ավելի վաղ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպել էր ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---