13 մարտի 2021 - 12:05 AMT
Բալասանյան․ Որևէ մեկի մտքով չանցնի, թե Արցախը ԶՈւ չի ունենալու

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում անդրադառնալով ՊԲ կազմալուծման մասին լուրերին, հայտարարել է, որ երկիրն ունենալու է ավելի մոբիլ, մարտունակ զինված ուժեր։

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր»,-ասել է նա։

Բալասանյանը տեղեկացրել է նաև, որ արդեն սկսվել է պայմանագրային հիմունքներով Պաշտպանության բանակի համալրումը՝ այն ընթանում է նորմալ տեմպով, սպասվածից նույնիսկ ավելի լավ։

Նա նշել է, որ ՊԲ կառուցվածքային փոփոխությունների մասին խոսելիս նկատի ունեն ավելի մարտունակ զորքի ձևավորում, որտեղ յուրաքանչյուրը մարտիկ պետք է լինի։

Բալասանյանը նշել է, որ նախատեսվում է բարձրացնել ՊԲ-ում պայմանագրային հիմունքով ծառայելու իրավունք ունեցողների տարիքային շեմը։

Նա նշել է, որ համագործակցությունը ՀՀ ԶՈւ հետ շարունակվում է և միշտ լինելու է։

«Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական, երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու»,- ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն, արձագանքելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք լրատվամիջոցներում տարածվող լուրը, թե նորակոչիկներն այլևս Արցախ չեն մեկնելու ծառայության, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան նշել էր, որ Զինված ուժերի համալրման հետ կապված (զորակոչի ուղղություն, թվաքանակ, ենթակառուցվածք) տեղեկությունները Կառավարության որոշմամբ համարվում են պետական-ծառայողական գաղտնիք ու հրապարակման ենթակա չեն։