13 մարտի 2021 - 14:32 AMT
Թաթոյանը ՍԴ կդիմի, եթե ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին առաջարկն ընդունվի

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և մի շարք այլ օրենքների փոփոխությունները, որոնք առաջարկել է Կառավարությունը: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թաթոյանը։

Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն հոդվածը, ըստ որի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։ Նույն որոշմամբ համարժեք փոփոխություններ են առաջարկվում նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության», «Կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» «Հարկային օրենսգրքում», «Տեսալսողական մեդիայի մասին» և մի շարք այլ օրենքներում:

ՄԻՊ-ը ՍԴ է դիմելու ոչ միայն օրենքի փոփոխությունները չեղարկելու, այլև միջնորդելու համար, որ մինչ որոշման կայացումը ՍԴ-ն դադարեցնի այդ օրենքների գործողությունը։

«Մոտեցումը միայն ֆինանսական տեսանկյունից է։ Մարդու իրավունքների տեսանկյունից ոչ մի հիմնավորում չկա, թե այն ինչ ազդեցություն կունենա երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա։ Մեխանիկական մոտեցում է»,- ասել է Թաթոյանը։

Նրա դիտարկմամբ` կառավարության ընդունած նախագիծը վտանգներ է պարունակում ոչ միայն ՄԻՊ-ի, այլև օրենքի նախագծում ներառված այլ ոլորտների համար ևս։

«Վտանգավոր է կրթության իրավունքի տեսանկյունից։ Այն կարող է հանգեցնել նաև ուսուցիչների աշխատավարձերի կրճատման, որովհետև հանվում է ամբողջությամբ նվազագույն շեմը։ Այս նույն շեմերը կան նաև գիտության, կրթության ոլորտներում։ Տեղական ինքնակառավարման մասով սա կարող է հանգեցնել ոչ միայն ֆինանսավորման կրճատման, այլև դա իր հետևից կարող է ազդեցություն բերել նաև մանկապարտեզների վրա։ Այսինքն` ՄԻՊ-ը` որպես երեխաների իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, ես շատ կարևոր եմ համարում սրան ուշադրություն դարձնելը»,- ասել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ պատերազմից հետո Կառավարությունից հայտնել են՝ իրեն այլևս չեն հրավիրելու գործադիրի նիստերին։ ՄԻՊ-ը նշել է, որ իրենք չեն փորձել պարզել որոշման պատճառը, քանի որ դա Կառավարության իրավունքն է:

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։ Ըստ Freedom House-ի, ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը։ Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։