13 մարտի 2021 - 14:54 AMT
ՀՀ դեսպանը ԵԱՀԿ նիստում խոսել է Ադրբեջանի արդեն 3-րդ չծանուցված զորավարժությունների մասին

ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը, Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների համատեքստում, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է մարտի 15-18-ը ԱՀ կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա:

Մարտի 11-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվեել է «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը:

Դեսպանն ավելացրել է, որ պատերազմական գործողությունների դադարից հետո անցկացվող թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները անվտանգության իրական սպառնալիք են, ուստի ԵԱՀԿ համար պետք է ծառայեն՝ որպես հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծել է, որ հայատյացության և պետական մակարդակով տարածվող հակահայկական քարոզի պայմաններում, նրանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգներն առավել քան իրական են:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների ազատ արձակման պահանջը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ նշելով, որ այդ քայլը չի փոխադարձվել Ադրբեջանի կողմից, ով շարունակում է կոպտորեն անտեսել ռազմագերիների ազատ արձակման դրույթը՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ուստի, ռազմագերիների հարցին անդրադառնալիս, անընդունելի են համարվել երկու կողմին ուղղված ընդհանրական և անհասցե կոչերը:

Ելույթի ընթացքում նաև անդրադարձ է եղել օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների խնդրին և Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը: Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, Մեծ հայրենական պատերազմի հերոսների արձանների և հուշակոթողների ոչնչացման մասին:

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։

Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։