13 մարտի 2021 - 16:46 AMT
«Նոր էջ»․ Մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ պատերազմին մասնակցած 1000 երիտասարդի համար

«Նոր էջ» նախագիծը պլանավորում է Արցախյան պատերազմին մասնակցած 1000 երիտասարդի համար իրականացնել մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք նոր հմտություններ ստանալու և աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կտան։

«Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը մեկնարկել է 2021-ի հունվարից. նպատակն Արցախյան պատերազմին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդներին աջակցելն է։ Նախաձեռնությունը մշակել է ՀայաստանիՄարդկային Ռեսուրսների Ասոցիացիան։

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ և «Նոր էջ» ծրագրի նախաձեռնող Արփի Կարապետյանի խոսքով՝ թեև հայտարարված է, որ ծրագրին պիտի մասնակցի 1000 երիտասարդ, այդ թիվն արդեն ավելացել է, դիմողները շատանում են և կարևոր է, որ ավելանա նաև իրենց միացող գործատուների թիվը։

Կարապետյանի խոսքով՝ իրենք ոչ թե տալիս են աշխատանք երիտասարդներին, այլ փոխանցում են հմտություններ ու գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում, իսկ մնացածն աշխատող-գործատու հարաբերությունների դաշտում է լուծվելու։

Նախագիծը դեռևս առաջնային փուլում է, մշակվել է առաջիկա աշխատանքների գործիքակազմը։ «Նոր էջին» միացել է 105 գործատու, նշաձողը 500-ն է։ Նամակներ են ուղղվել 1000-ից ավելի գործատուի։