15 մարտի 2021 - 10:53 AMT
Եվրոպական ևս 2 երկիր կասեցրել է AstraZeneca-ի կիրառումը

Նիդերլանդները և Իռլանդիան հայտարարել են, որ կասեցնում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումը՝ տրոմբերի առաջացման հետ հավանական կապի պատճառով, գրում է BBC-ն։

Ավելի վաղ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասցվել է Ավստրիայում, Բուլղարիայում, Դանիայում, Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նորվեգիայում և Թաիլանդում։

Պատճառան այն է , որ Եվրոպայի մոտ 30 բնակիչ AstraZeneca ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո բողոքել է տրոմբերի հետ կապված խնդիրներից։ Իտալիայում 50-ամյա տղամարդը մահացել է, մահվան ելքով ևս մեկ դեպք է գրանցվել Դանիայում։ Սակայն, պատվաստման և տրոմբերի առաջացման միջև կապի վերաբերյալ ապացույցներ չկան։

Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորել է երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրել, որ այն անվնաս է։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրում է Եվրամիության մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրությունները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։

Photo. Reuters