15 մարտի 2021 - 12:51 AMT
100 տարի առաջ Թեհլիրյանը գնդակահարեց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին

Հարյուր տարի առաջ՝ 1921թ․ մարտի 15-ին, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

Թեհլիրյանը տեղում ձերբակալվել է, սակայն գերմանական դատարանն արդարացրել է նրան։

«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանի և չես փորձի փախչել, կկանգնես տեղդ՝ ոտքդ սատակի վրա, և կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»՝ այսպես էր Շահան Նաթալին հրահանգել Սողոմոն Թեհլիրյանին:

Նրան բանտում առաջինն այցելել է մի վանական, որը, տեսնելով նրան, բացականչել է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:

Այսպես սկսվել է «Նեմեսիս» գործողությունը՝ պատժելու 1915-ի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Գործողության կատարման որոշումը կայացվել էր 1919-ին Երևանում` Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Նշվել էր ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել էին պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան)։

Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի համար 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

2017թ․ ապրիլի 21-ին Մարսելում պաշտոնապես բացվել է Սողոմոն Թեհլիրյանի անվան հրապարակը: