16 մարտի 2021 - 11:22 AMT
158 ֆրանսիացի գործիչ ստորագրել է հայ գերիներին ազատելու կոչը

Ֆրանսիայի ականավոր քաղաքական, հասարակական, մշակութային 158 գործիչ ստորագրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի կոչը, այն լույս է տեսել Le Point շաբաթաթերթում, փոխանցում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նրանք պահանջում են Ադրբեջանում պահվող հայերի ազատությունը՝ նշելով, որ այնտեղ գտնվողները մոտ 200-ն են։ Ըստ գործիչների՝ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի չիրականացումը փշրում է բնականոն կյանքին վերադարձի բոլոր հույսերը։

«Ադրբեջանական կողմից իրենց հարձակման ամբողջ ընթացքում ռազմական հանցագործությունների պարբերաբար իրականցումը և մասնավորապես խմբակային սպանությունների տեսանյութերի անհողդողդ տարածումը, հայ զինվորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց խոշտանգումները, դիակների պղծումը, թույլ են տալիս վատագույնը պատկերացնել այն մարդկանց համար, ովքեր այժմ գտնվում են այն վարչակազմի տրամադրության տակ, որը զբաղեցնում է վերջին հորիզոնականները Freedom House-ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում»,-հայտարարել են գործիչները։

Նրանք պահանջում են Ֆրանսիայից, որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր՝ օգտագործել իր ամբողջ հեղինակությունը՝ հասնելու հայ գերիների ազատությանը։

«Եթե ԵԱՀԿ-ի կողմից լիազորված այս խումբը չի կարողացել ոչ կանխարգելել պատերազմը, և ոչ էլ պաշտպանել դրա զոհերին, այն պետք է առնվազն հետևի հրադադարի այս մարդասիրական դրույթի հարգմանը։ Սա մի հարց է, որը կարևոր է դիտվում բանակցված խաղաղության հաստատման համար, որն այս տարածաշրջանում բռնության նկատմամբ օրենքի գերակայության պայման է, որից չպետք է հրաժարվել հանուն տոտալիտարիզմի, պանթուրքիզմի և բարբարոսության»,- հայտարարել են նրանք։

Պատերազմից հետ Ադրբեջանում դեռ հայ գերիներ կան, որոնց այդ երկիրը որպես ահաբեկիչ է ներկայացնում։