16 մարտի 2021 - 11:33 AMT
Սլովենիան կասեցրել է AstraZeneca-ով պատվաստումները

Սլովնեիայի իշխանությունները կասեցրել են բրիտանա-շվեդական համատեղ արտադրության AstraZeneca պատվաստանյութի կիրառումը մինչ ԵՄ կանոնակարգողի համապատասխան որոշումը։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Յանեզ Պոկլոիկարը։

«AstraZeneca-ի վերաբերյալ բազմաթիվ կասկածների առկայության պատճառով մենք խնդրել ենք փորձագետներին ևս մեկ անգամ զննել բոլոր մանրամասները։ Նրանք հայտնաբերել են, որ պատվաստումները շարունակելու առումով որևէ մասնագիտական առարկություն չի եղել»,- ասել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց AstraZeneca-ով պատվաստումները ժամանակավորապես դադարեցվում են։ Առնվազն մինչև ԵՄ դեղամիջոցների գծով գործակալության՝ ЕМА-ի որոշումը»,-ասելէ նախարարը։

Նա պարզաբանել է, որ մինչ այդ որոշումը Սլովենիայի բոլոր այն քաղաքացիները, որոնք պետք է պատվաստում ստանան, այլ պատվաստանյութով կպատվաստվեն։

Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորել է երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրել, որ այն անվնաս է։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուսումնասիրում է Եվրամիության մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը կասեցնելու վերաբերյալ հաղորդագրությունները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։