16 մարտի 2021 - 11:48 AMT
ԿԱՐԾԻՔ
Մենք ցույց տալ ցուցամատ TikTok-ին ու 168,000+ դիտում հավաքել

Օգոստոսյան մի անտանելի տոթ օր խմբագրի հորդորով հետաքրիքիր թեմաներ էի փնտրում նոր նյութերի համար՝ զուգահեռաբար, իհարկե, պատասխանելով ընկերների նամակներին։ Ընկերների նամակները բազմազան էին, հետաքրքիր թեմաների մտքերս՝ քիչ, ու ահա, մեկն ուղարկեց ձանձրալի, վիրավորական, մարդու մեջ «անագորույն կոմպլեքսներ» սնող մի վիդեո՝ դրա բնօրրանից՝ հայկական TikTok-ից։ Այդ 30 վայրկյանում խտացված էին բոլոր տաղտուկ մտքերը՝ Եվայի խնձոր ուտելու կամ կապիկի մազաթափվելու պահից՝ մեր, պայմանական, սկզբից սկսած։

Բայց, եթե դու մի պահ նայում ես TikTok, TikTok-ն էլ նայում է քեզ․ քաշեցի հավելվածը, որոշ տեղերում ապրեցի իմ բաժին շոկը, հետո սովորեցի և մոռացա այդ մասին։ Այո՝ մարդիկ կարող են մոռանալ անհաջող TikTok-ը կամ սիրելիին, ուրանալ ծնողներին, չհիշել՝ ինչ են կերել առավոտյան, բայց խմբագիրները միշտ հիշում են իրենց տված հանձնարարությունը։ Իմ ուղեղն ասում էր․ - Girl, don't do it, it's not worth it.

- I'm not gonna do it girl, I was just thinking about it, I'm not gonna do it,- պնդում էի ես,- իսկ հետո՝ I did it:

Առաջարկեցի ցուցամատիս համար TikTok բացել, վիդեոներ նկարել, դիտումներ հավաքել և այս նյութը գրել։ Խմբագիրը համաձայնեց, բայց պայմանով՝ վիդեոյի 40,000 դիտումից հետո միայն։

Ծանր աշնանից հետո վերսկսած Chisht asox cucamat-իս մաստակ ցանելու վիդեոն հավաքեց 168,000-ից ավելի դիտում, էջը՝ մոտ 15,000 հավանում, Ցուցամատը 660 հետևող ունեցավ ու 18- մի երկու խոսացնող։

Ծանուցում բոլոր նրանց, ովքեր չգիտեն՝ ինչ-կա չկա TikTok-ում։ Սոցցանցը կարճ տեսանյութերի հարթակ է, որտեղ կարելի է երաժշտություն ու տեքստ կցել տեսանյութիդ՝ դարձնելով այն ավելի զվարճալի, հետաքրքիր, ուսուցողական, սարսափելի, նողկալի, կամ ինչպիսին սիրտդ ուզի։ Այն Instagram-ի պես զգայուն չէ բավանդակության հարցում․ դրա համար էլ այստեղ Rec կարող են ընկնել (երևալ քո էջում) կիսա- կամ մորեմերկ մարդիկ, մաթեմատիկական բարդ հավասարումներ, խոհանոցային վիդեոներ, քիմիայի փորձ, ձեր հարևանի վատ պարող երեխան, Ավստրալիայի տեսարժան վայրերը կամ ինքը՝ հարևանը։ Որին հավանես՝ սրտիր․ այսպես մեծամասամբ քեզ մոտ կգա ավելի հոգեհարազատ կոնտենտ՝ մեկումեջ միայն առաջարկելով այլ բաներ՝ ճշտելու համար՝ հո ճաշակդ չի՞ փոխվել։

Առաջին ձեռքից՝ ինչպես առաջխաղացվել TikTok-ում

Որպես «իր կատարելության պիկին» հասած Ցուցամատի տեր՝ միանշանակ կարող եմ պնդել, որ կարևոր է գնալ երազանքիդ հետևից։ Հեգնում եմ։ Կարևոր է հասկանալ՝ ով է քո լսարանը կամ պոտենցիալ լսարանը․ Ցուցամատինը, կարծես, հասկացել էի։ Հավանաբար, մայրիկի հեռախոսով TikTok մտնող ու տանը պատահական արած վիդեոն համացանց գցող փոքրիկները, որոնց կյանքի ամենամեծ չարաճճիությունը հորեղբոր սովորեցրած հայհոյանքը գրավոր տեսքով ուրիշ բալիկների քոմնեթներում գրելն էր։ Այո, բալիկները փոքր-ինչ անկանխատեսելի են, և ես սրտանց շնորհակալ եմ նրանց, որ որևէ վատ բան իմ Ցուցամատին այդպես էլ չգրեցին․ գրեցին միայն իրար, ես էլ դրանք ջնջեցի։

Ամեն դեպքում՝ ժիր ու ակտիվ տիկտոկերները Ցուցամատի դիտումները 10,000-70,000-ին մոտեցրին, նրանց շնորհիվ մի քանի վիդեո Rec ընկավ, ավելի ուշ արդեն որոշները հատեցին չափն ու սահմանը՝ հասնելով վերնագրում նշված թվին։

Շատ էքզիստենցիալ ենթավերնագիր

Իհարկե, ազնիվ և բարեպաշտ ընթերցողը կասի՝ «Հա, ի՞նչ։ Ցուցամատին Tik Tok բացելու փոխարեն կարելի էր մեծերի ստեղծագործությունների մասին խոսել, մի բան սովորեցնել, մի արժեք ստեղծել»։ Բայց որպես բավականաչափ դիտում հավաքած Ցուցամատի տեր, կասկածներ ունեմ, որ սա ասողների կեսը TikTok-ում է, մյուսը` իսկապես մտահոգված կեսի համար՝ հաջորդ տողերը։

Ցուցամատից «բլոգեր» ստանալու հիմնական իմաստը ցույց տալն էր, թե ինչպես ենք մենք ոչինչը (իմ ցուցամատին և մյուս բլոգերների մեծ մասի ստեղծած բովանդակությունը) առաջ տանում, նայում, ուղարկում իրար ու դարձնում թրենդերի մաս։

Անկեղծ լինենք. իհարկե՝ հետաքրքիր, երբեմն նաև ծիծաղելի ու օգտակար կոնտենտ տվող հայ բլոգերներ էլ կան։ Բայց քիչ են, փոքրամասնությունն է։ Ու քանի պահը եկել է՝ երևի կարելի է երեխայի կամ դեռահասի թիրախավորելուց, ծաղրելուց առաջ հիշել, որ գործ ունենք շատ էմոցիոնալ ու անպաշտպան, իրենք իրենց ու շրջապատին ճանաչելու խնդրի առաջ գտնվող մարդկանց հետ։ Արժե գոնե բառերն ընտրելիս մտածել ևս մեկ անգամ։

Մեր TikTok-ում արժեքավոր բան ստեղծող համարյա չկա, բայց կա ուրիշներին կյանք ու ճիշտ սովորեցնելու մեծամիտ ձգտում, օտարերկրացի բլոգերներին 1։1 Lux copy անելու բազմաթիվ փորձեր և անասելի, անտանելի, անպատմելի պրիմիտիվիզմ՝ սիրո, ընտանիքի, ընկերների հետ հարաբերությունների ներկայացման պրոցեսում։ Եվ այս Ցուցամատն ավելի շատ ուղղված էր նրանց։

Մի խոսքով՝ Ցուցամատիս ճիշտ հասկացեք․ նպատակը վատ ու պոպուլյար բլոգերի ու իր նմանությունը, դատարկությունը, անբովանդակությունը ցույց տալն էր, և ասելը՝ «այդպես մի մատով էլ կարելի է, իսկ ուրի՞շ»։

Իսկ ուրի՞շ

Ուրիշ՝ կարևորը՝ դրական տրամադրվենք, սիրենք իրար և աշխարհը՝ իր վառ գույներով, ուրախ և շնորհակալ լինենք։ Հեգնում եմ։ Ուրիշ՝ երևի մենք պիտի ուշադիր, ընտրող ու որակյալ սպառող լինենք, որովհետև երբեք չես իմանա, թե ով է որոշել քեզ իր մատների վրա ֆռռացնել․ գուչի-ֆլիպ-ֆլոպ, բարեկամներ, գուչի-ֆլիպ-ֆլոպ։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net