16 մարտի 2021 - 13:51 AMT
«Անբովանդակից» մինչև «ապշելի ու լկտի». Իշխանության արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի խոսքերին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Իմքայլական Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ «ապշել կարելի է, թե ինչպե են ընտրություններ կեղծածները, դրանք չկեղծած միակ ուժին» մեղադրում ընտրակեղծիքներ պատրաստելու մեջ։

«Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը Իմ Քայլին՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ»,- գրել է նա։

Տեր-Պետրոսյանը մարտի 15-ին հայտարարել էր, թե Փաշինյանը պետք է հրաժարական տա ու ապաստանի այլ երկրում։ Ըստ նրա՝ այս պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, «որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»։

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը Տեր-Պետրոսյանին մեղադրել է լկտիության մեջ՝ նշելով, թե նա է պատասխանատու երկրում արձանագրված «բոլոր բացասական իրողություններում»:

«Մարդն ինչքան լկտի պետք է լինի, որ կեղծած լինելով 1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրությունները, ամենավերջին վախկոտի նման 1998թ. մի հատ «փըղկ»-ից փախչի պատասխանատվությունից, 2013թ. նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է, և, ընդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինն ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում, ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ`ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ»,-ասել է նա։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն «անբովանդակ» է կոչել՝ նշելով, թե հասարակությունը բավականին հոգնած է փոխադարձ մեղադրանքներից, և յուրաքանչյուրը պիտի իր քաղաքական վարկանիշի վրա կենտրոնանա, փոխանցում է Aysor.am-ը։

«Ամենևին էլ նման հայտարարությունները, անբովանդակ առաջարկները չեն նպաստելու այդ քաղաքական վարկանիշի բարձրացմանը, կարծում եմ՝ վերջին հետազոտության արդյունքները բավական խոսուն են՝ ով որքան քաղաքական վարկանիշ ունի», - ասել է Բադասյանը։