16 մարտի 2021 - 14:21 AMT
7 կուսակցություն կոչ է անում դիմել ՌԴ-ին՝ Մոսկվայի պայմանագրի չեղարկման հարցով

7 կուսակցություն առաջարկում է կառավարությանը և խորհրդարանին դիմել ՌԴ-ին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել Մոսկվայի պայմանագրի ՀՀ-ին վերաբերող կետերը։

«Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության պայմանագիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ առ այսօր բռնազավթված պահելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի՝ ռուսների կողմից թուրքերին զիջված Կարսի մարզում, Սուրմալուի գավառում և հարակից այլ տարածքներում, իսկ Հայաստանից խլված և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի գավառում ցեղասպանությունն իրականացվեց լիովին հայաթափմամբ»,- ասվում է կուսակցությունների հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջազգային իրավունքի վերականգնման նպատակով Հայաստանը, ի դեմս իր կառավարության և խորհրդարանի, պարտավոր է․

«Ա. Իր օրենսդրությամբ նախատեսված կարգով ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված կրկնակի ապօրինի Կարսի պայմանագիրը։

Բ. Պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ կոչ անելով չեղյալ հայտարարել այդ պայմանագրի՝ անկախ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը։

Գ. Պաշտոնապես դիմել Միջազգային դատարան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատական տալու այդ պայմանագրերին,

Դ. Պաշտոնապես դիմել 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության դաշնակից Անտանտի երկրների և ԱՄՆ-ի կառավարություններին՝ հորդորելով իրենց իսկ կողմից Չարիքի կայսրություն որակված ԽՍՀՄ-ի ոչնչացումից հետո դադարեցնել այդ կայսրության ապօրինությունների (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, Արցախի հարցում՝ Կավբյուրոյի որոշում) ճանաչումը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես գալ ռուս-թուրքական ապօրինությունն ու դրա հետևանքները վերացնելու հարցում»:

Հայտարարությունը ստորագրել են՝ Պարույր Հայրիկեանը («Ազգային ինքնորոշում» միավորում»), Ալեք Պողոսյանը (Եվրոպական կուսակցություն), Պետրոս Մակեյանը («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն), Անդրիաս Ղուկասյանը (Հայ կառուցողական կուսակցություն), Գառնիկ Մարգարյանը («Հայրենիք և պատիվ» կուսակցություն), Արտյոմ Խաչիկյանը («Հայք» (Հայկազուններ) կուսակցություն), Միքայէլ Հայրապետեանը (Պահպանողական կուսակցություն)։

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ․ մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրն» է, որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի ժամանակ։

Պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։