16 մարտի 2021 - 14:38 AMT
ՌԴ-ն մտահոգ է սիրիական Ռաքքա Թուրքիայի ռազմատեխնիկայի տեղափոխմամբ

ՌԴ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել սիրիական Ռաքքա և ամրաշինական աշխատանքներ է կատարում Այն Իսա բնակավայրի մոտի հենակետերում։ Այդ մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմը չափազանց մտահոգված է Թուրքիայի ԶՈւ ռազմատեխնիկայի տեղափոխմամբ և ամրաշինական աշխատանքներով։ Նման գործողությունները խախտում են ստատւս քվոն, որը հաստատվել է Փոխըմբռնման մասին հուշագրով, և խարխլում է երկու կողմի ջանքերը սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Անկարայի՝ մարտի 14-ին Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքները հրթիռակոծվել են։ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե դրանք արձակվել են Քվայրես ռազմական օդանավակայանից քաղաքացիական վայրերի ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են տուժել։ Անկարան հայտարարել է, թե շփում է ունեցել ՌԴ կառավարության հետ՝ հորդորելով դադարեցնել հրթիռակոծումը Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքից։