16 մարտի 2021 - 14:50 AMT
Նախարար․ ՀՀ-ում մոտ 300 հոգի պատվաստվել է Covid-19-ի դեմ

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է ընդհանուր առմամբ մոտ 300 անձ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Դեռ միայն Covid կենտրոնների բուժաշխատողներին ենք պատվաստում և միայն Սպուտնիկ V ենք կիրառում։ Սակայն, երբ պատվաստանյութերի այլ խմբաքանակները գան Հայաստան, ավելի մեծ թվով և ավելի լայն զանգվածների շրջանում պատվաստումներ կիրականացնենք»,- ասել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով` Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության տեմպերն անհանգստացնում են, երկրում 10 կենտրոն է սպասարկում վարակվածներին։

Փետրվարի 18-ին նախարար Ավանեսյանն ասել էր, որ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում Սպուտնիկ V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։ Մարտին նախարարը հայտնել էր, թե երկրում կրկին սրվում է համավարակով պայմանավորված իրավիճակը և անհրաժեշտ է վերադառնալ որոշ կանոնների խստացմանը։