ԱԱԾ փոխտնօրենը՝ Իրանում հայտնված Boeing-ի մասին․ Զավթման մեղադրանքով քրգործ կա

ԱԱԾ փոխտնօրենը՝ Իրանում հայտնված Boeing-ի մասին․ Զավթման մեղադրանքով քրգործ կա

PanARMENIAN.Net - Հայկական Fly Armenia Airways ընկերության վարձակալած և նախնական թռիչքուղու շեղման հետևանքով Իրանում հայտնված Boeing ինքնաթիռի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել օդանավի զավթման մեղադրանքով, հայտնել է ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Քրգործը հարուցվել է ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշված հոդվածը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։

Հարությունյանի խոսքով՝ այժմ աշխատանք է տարվում օդանավի վերադարձի ուղղությամբ։

ԱԱԾ փոխտնօրենը նշել է, որ իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա, որ օդանավը պետք է վերադարձվի, իր կարծիքով՝ տեխնիկական խնդիրներ կան։

Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության և գիտության։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատնից նշել էին, որ տեղյակ են հայկական ինքնաթիռի՝ Իրանում գտնվելու մասին։ Դեսպանատնից հիշեցրել էին, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---