16 մարտի 2021 - 16:07 AMT
Սփյուռքի 13-18 տարեկան պատանիների համար ճամբարային ծրագիրը մեկնարկում է

Սփյուռքի 13-18 տարեկան պատանիների համար մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարային ծրագիրը, տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

2021 թվականին «Քայլ դեպի տուն» ծրագիրը իրականացվելու է հունիսի 21-ից օգոստոսի 14-ը՝ 4 փուլով: Ծրագիրը երկշաբաթյա է։ Այն ներառում է նաև հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության դասընթացներ։

Բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Կարող են դիմել սփյուռքահայ այն պատանիները, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին։

Նշվում է, որ ամառը հայրենիքում անցկացնելու, Հայաստանը ճանաչելու և աշխարհի տարբեր կողմերից ընկերներ ձեռք բերելու համար պետք է լրացնել հայտադիմումը:

Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը յուրաքանչյուր փուլի մեկնարկից մեկ շաբաթ առաջ է: Ծրագրի մասնակցության կամ մերժման ծանուցումը մասնակիցը կստանա հայտն ուղարկելուց հետո՝ մեկ շաբաթում: