16 մարտի 2021 - 16:49 AMT
Պատգամավոր․ Ըստ Ինտերպոլի՝ Կոստանյանի հանդեպ Մարտի 1-ի գործով քաղհետապնդում է տարվում

ԱԺ անկախ պատգամավոր (նախկին իմքայլական) Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ըստ Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի), Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ենթարկվում է քաղհետապնդման:

Պատգամավորի խոսքով` իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղհետապնդում է, գրում է «Հետքը»։

«Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական ու համապատասխան ծանուցում չի ուղարկվել, և այդ անձի վերաբերյալ տեղեկությունը դեռևս 2020-ի ապրիլի 4-ին Ինտերպոլի տվյալների բազայից հանվել է: Միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզում հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ, իսկ մենք անդադար լսում էինք, որ ՀՔԾ-ն, Դատախազությունը հետախուզում են հայտարարել Կոստանյանի նկատմամբ»,- ասել է Թովմասյանը:

Ըստ պատգամավորի` այս գործով Ինտերպոլից մերժել են Հայաստանի հետ գործակցել կոնկրետ դեպքով և կոչ են արել Հայաստանի իրավապահներին անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել հետախուզում:

Թագուհի Թովմասյանը չի հստակեցրել` այդ փաստաթուղթն իր մոտ ինչպես է հայտնվել, ավելին` նշել է, որ այլ փաստաթուղթ ևս ունի, որը կհրապարակի ըստ պատեհության:

Գևորգ Կոստանյանը` արձագանքելով փաստաթղթի հրապարակմանը, ասել է, որ իր համար դրա գոյությունն անակնկալ էր։ Նա ասել է, թե մինչև հիմա ՌԴ դատախազությունն ու իրավապահ մարմիններն էին մերժել Հայաստանի իրավապահներին՝ հետախուզում հայտարարելու իր նկատմամբ՝ նշելով, թե իրականացվում է քաղհետապնդում, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ի սկզբանե՝ Մարտի 1-ի գործի հետ կապված ես իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ ասելով, որ ապացույց ընդհանրապես գոյություն չունի: Երբ մեղադրանք առաջադրվեց, ես ասացի՝ գոնե մեկ ապացույց թող ներկայացնեն, ես իմ մեղքն ընդունեմ դրանից բխող հետևանքներով: Բնականաբար, չարեցին»,- ասել է նա։

«Այս փաստաթուղթը, որը հրապարակվեց, անբեկանելի ապացույց է, ինչը նշանակում է, որ, վստահաբար, մի շարք մարդիկ՝ թե դատախազներ, թե քննիչներ՝ իրենց ղեկավարներով հանդերձ, ունեն անբեկանելի մեկ ապացույց, որն իրենց մեղադրանքի հիմքն է։ Իհարկե, անխուսափելիորեն պատասխանատվության են կանչվելու ու ենթարկվելու»,- ասել է նա։

Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Նրան վերագրվում է պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: Նա գտնվում է հետախուզման մեջ: