Լաքոթ․ Ադրբեջանում պահվող ռազմագերիները պետք է վերադարձվեն

Լաքոթ․ Ադրբեջանում պահվող ռազմագերիները պետք է վերադարձվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 10-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշել է դեսպանը:

Լաքոթի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:

«Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասել է դեսպանը։

44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց: Ադրբեջանը հայտարարել է, թե հայ գերիներ իրենց մոտ չկան՝ պատերազմից հետո գերեվարվածներին ներկայացնելով որպես «ահաբեկիչ»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---