19 մարտի 2021 - 12:22 AMT
«Ռոստելեկոմը» միացել է «Նոր էջ» նախագծին

«Ռոստելեկոմ» ընկերությունը, բարձր գնահատելով հայ զինվորի սխրանքը, շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին։

Ընկերությունը միացել է «Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի» նախաձեռնությամբ իրականացվող «Նոր էջ» նախագծին։ Այս քայլով ընկերությունն իր ներդրումն է բերում երիտասարդ զինվորների՝ լիարժեք կյանք վերադառնալու գործին։

«Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների օգնությամբ պատերազմի մասնակից երիտասարդ զինվորները կմասնագիտանան, ձեռք կբերեն ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ու գիտելիքներ և կանցնեն աշխատանքի։

«Մենք՝ որպես հեռահաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպություն, միացել ենք «Նոր էջ» ծրագրին՝ հնարավորինս աջակցելու հայ երիտասարդ զինվորներին՝ երբեք ինքնավստահությունը չկորցնելու և հաստատակամ առաջ շարժվելու գործում։ Մենք պատրաստ ենք կանգնելու թիրախային խմբում գտնվող երիտասարդների կողքին՝ աշխատաշուկայում իրենց մրցունակությունը վերագտնելու ճանապարհին։ Բոլոր ընկերություններին հորդորում ենք միանալ այս հիանալի ծրագրին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը մեկնարկել է հունվարին։ Այն միտված է աջակցելու անձանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են:

Ծրագրի շրջանակում ներառվելու է 18-30 տարեկան մոտ 1000 երիտասարդ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ:

«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է մոտ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր:

Նախագիծը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան» ։